Քրդական ապստամբությունը 1943-1945թթ.-ին

Քրդական հարցը աշխարհի բարդ և կարևորագույն հարցերից մեկն է: Այն, կարելի է ասել, ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի հետ, քանզի եթե նայենք քուրդ և այլազգի որոշ գիտնականների կազմած վերջին քարտեզներին, ապա կտեսնենք, որ ըստ այդ քարտեզների քրդերի «ազգային տարածքներն» են գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը, Արարատյան դաշտավայրը ընդհուպ մինչև Սևանա լիճը: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից այն էլ ավելի մեծ նշանակություն է ստանում. ներկայումս, ըստ որոշ աղբյուրների, քրդերի թիվը հասնում է շուրջ 25-30մլնի, որոնք ապրում են Թուրքիայի հարավարևելյան, Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային և հյուսիսարևելյան, Սիրիայի հյուսիսային (Իրաքի հետ սահմանակից տարածքներում) շրջաններում: Ըստ որոշ քրդագետների ներկայումս քրդերի տարածքը բաժանված է վերոհիշյալ 4 տերությունների միջև, իսկ «Քրդիստանի» ընդհանուր տարածքը կազմում է մոտ 300-350հզր քկմ (ըստ այլ աղբյուրների 450-500հզր քկմ), որի կազմի մեջ են մտնում Իրանի հարավարևմտյան, Իրաքի հյուսիսային, Սիրիայի հյուսիսարևելյան, Թուրքիայի հարավարևելյան շրջանները: Ահա այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ քրդական հարցը մեծ վտանգ է սպառնում Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի տարածքային ամբողջականությանը:

Իրաքը բազմազգ պետություն է: Այդ առիթով Ֆոսթերը գրում է. «Իրաքը դա հիբրիդ է»: Ըստ նրա՝ սրանից ելնելով, չի կարելի համարել, որ Իրաքը արաբական պետություն է, որովհետև Իրաքը կազմող ազգությունների մեջ են մտնում նաև քրդերը, ասորիները, հայերը, պարսիկները, եզդիները, խալդերը և այլն:

Տարբեր հեղինակների մոտ քրդերի թիվը տարբեր է: Այսպես, օրինակ ըստ Շակիր Խասբակղի՝ քրդերը կազմում են Իրաքի բնակչության 20-ը: Իսկ ըստ խորհրդային տեղեկատու «Население земного шара»-ի՝ 1963թ.-ին Իրաքում բնակվում էր շուրջ 1.3 մլն քուրդ, այսինքն ամբողջ բնակչության մոտ 19%-ը : Քրդերը բնակվում են հիմնականում Մոսուլում, Էրբիլում, Քիրքուքում, Սուլեյմանիյայում, Դիալայում: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Բնակվում են ցեղերով: Մինչ 2-րդ աշխարհամարտը քրդերը 1935թ. օգոստոսին ապստամբություն բարձրացրեցին, որը գլխավորեց շեյխ Խալիլ Խոշավին: Նրանք պահանջում էին քրդերին տրամադրել ինքնավարություն: Այս ապստամբության կենտրոնը Զիբարն էր, որտեղից քրդական զինված խմբերը հարձակումներ էին գործում հարևան գյուղերի վրա: Սակայն 1936թ. մարտին ապստամբությունը ճնշվեց:

1943 թ. ամռանը նոր ապստամբական ալիք է բարձանում Մուստաֆա Բարզանիի գլխավորությամբ: Ապստամբության սկսման պատճառն այն էր, որ քուրդ բնակչությունը բավարար չափով պարեն չէր ստանում, իրաքյան կառավարությունը կտրուկ նվազեցրել էր քրդական շրջանների զարգացման համար հատկացվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև իրաքյան կառավարության և նրա թիկունքում կանգնած ուժերի կողմից քրդական ինքնավարության չճանաչելն էր, որին միացան նաև պատերազմի հետ կապված դժվարությունները: Ապստամբական ուժերի մի քանի հաջողությունները ստիպում են իրաքյան կառավարությանը որոշ զիջումներ անել: Սակայն կառավարության փոխվելուց հետո իշխանության անցած նոր վարչապետը հրաժարվում է որևէ զիջում անել, և  Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի օգնությամբ, որոնք հետապնդում էին իրենց սեփական շահերը, կարողանում է ճնշել այս ապստամբությունը 1945 թ.-ին:

Ապստամբության սկիզբը: Մոսուլի վիլայեթը Իրաքին միացնելուց հետո քրդական հարցը էլ ավելի մեծ սրություն ստացավ, որը սպառնում էր պատերազմի տարիներին անկանխատեսելի իրադարձությունների հանգեցնել: 1943-1945թթ. քրդական ապստամբությունը կապված է Մուստաֆա Բարզանու անվան հետ: Քրդական նոր ապստամբության պատճառն իրաքյան կառավարության և նրա թիկունքում կանգնած ուժերի կողմից քրդական ինքնավարության չճանաչելն էր, որին միացան նաև պատերազմի հետ կապված դժվարությունները, այն է՝ քուրդ բնակչությունը բավարար չափով պարեն չէր ստանում, իսկ իրաքյան կառավարությունը կտրուկ նվազեցրեց քրդական շրջանների զարգացման համար հատկացվող ֆինանսական միջոցները: Հյուսիսում՝ մասնավորապես քրդական շրջաններին տրամադրվող հատկացումները, որոնք պետք է նպաստեին սոցիալական և մշակութային լարվածության մեղմացմանը, պատերազմի տարիներին հասցվեցին նվազագույնին: Իշխանության արաբ ներկայացուցիչները թաղված էին կաշառակերության մեջ: Որոշ «անհանգիստ» ցեղերի շրջակայքում իրաքյան կառավարությունը տեղավորում էր ոստիկանական պահակախմբեր :

Ծխախոտի մենաշնորհը քայքայեց բազմաթիվ քուրդ գյուղացիական տնտեսություններ: Անգլիական օկուպացումը ամենավատ ձևով էր անդրադառնում քրդերի վրա բոլոր ոլորտներում: Քրդական դպրոցները շատ խղճուկ վիճակում էին գտնվում: Բացի այդ, առարկաների մեծամասնությունը դասավանդվում էր արաբերենով: Անգլիական գործակալները խրախուսում էին քուրդ հայտնի ընտանիքների երիտասարդների ռազմական ուսումը Անգլիայում: Այդ նույն գործակալները քրդերի մոտ անջատողական տրամադրություններ էին սերմանում՝ դրանով իսկ հրահրելով արաբա-քրդական տարաձայնություններ իրաքյան Քրդստանում:

Այս ամբողջ դժվարությունների փորձությունները ծանրացան հատկապես բարզան ցեղի համար, որոնք 1932թ ապստամբությունից հետո իրենց հարազատ վայրերից  տեղահանվելով՝ բնակեցվեցին Սուլեյմանիյայի անբարենպաստ շրջաններում: Սակայն 1943թ. ամռանը, այլևս չդիմանալով այդ ամենին, բարզանցիները Մուստաֆա Բարզանիի գլխավորությամբ, վերադառնալով հայրենի վայրերը, ապստամբություն բարձրացրեցին, որին միացան բազմաթիվ այլ քրդական ցեղեր : Փաստորեն, իրական հիմքը կար և մնում էր ընդամենը ղեկավարել ապստամբությունը, որն էլ իրենց վրա վերցրին քրդական քաղաքական կազմակերպությունները և անձամբ Մուստաֆա Բարզանին:

Վերոհիշյալ կազմակերպությունների մեջ հիշատակման է արժանի «Խայվա»-ն («Հույս»), որը պայքարում էր քրդական ինքնավարության ճանաչման համար: Ավելի ձախ և ռադիկալ հայացքներ ունեին «Շորշ»-ը («Հեղափոխություն»), «Ռիզզգարի»-ն («Ազատագրում»), «Լաշկարի քուրդ»-ը («Քուրդ զինվորներ»):

1943թ.-ի հուլիսին Մուստաֆա Բարզանուն «Խայվա» կուսակցության անդամների օգնությամբ հաջողվում է Սուլեյմանիյայից փախչել Բարզանա և նոր քրդական ապստամբություն բարձրացնել: Համաքրդական ազգային ապստամբությունը սկսվեց 1943թ.-ի սեպտեմբերին: Ապստամբները հարձակվեցին ոստիկանական գնդի վրա և զինաթափ արեցին ոստիկաններին: Դրանից հետո նրանք փայլուն հաղթանակ տարան նաև կառավարական 100 հոգանոց ջոկատի նկատմամբ, իսկ զենքն ու զինամթերքը բաժանեցին կամավորներին: Աստիճանաբար ապստամբության առանձին խմբերի միջև կապեր հաստատվեցին, օրինակ Բարզանին օգնեց Սաիդ Բրոխուն, որը շրջափակման մեջ էր թուրք-իրաքյան սահմանի մոտ: Ապստամբությունն ընդգրկեց Մոսուլ և Էրբիլ նահանգները: Վարչապետ Նուրի Սաիդը Մուստաֆա Բարզանուց պահանջեց դադարեցնել ապստամբությունը և հանձնվել, սակայն մերժվեց, որից հետո իրաքյան կառավարությունը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ապստամբների դեմ: Սակայն Մարգասուրից Բարզանա տեղափոխված իրաքյան բանակի մի բրիգադը պարտություն կրեց: Ռազմական գործողություններ ծավալվեցին Շերվանում, Պիրեսի լեռներում: Հաջողված ռազմական գործողությունների արդյունքում 1943թ.-ի վերջին և 1944թ.-ի սկզբին ապստամբները գրավեցին Ռևանդուզի, Զահոյի և Ակռայի շրջանները: Ապստամբությունն արդեն անհանգստացնում էր անգլիացիներին, որովհետև այն արդեն սպառնում էր Քիրքուքի նավթային շրջաններին: Հաշվի առնելով այն, որ ապստամբներն իրենցից մեծ ուժ էին ներկայացնում, իրաքյան կառավարությունը և Մեծ Բրիտանիան Մուստաֆա Բարզանուն առաջարկեցին բանակցություններ սկսել և հաշտություն կնքել:Սկզբնական շրջանում իրաքյան կառավարությունը փորձում էր քուրդ առաջնորդների վրա ճնշում գործադրել անգլիական ուժի ձևով և վերջնագիր ներկայացնել: Սակայն Մուստաֆա Բարզանին մերժեց վերջնագիրը: Իրաքում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտնում է Բարզանուն, որ նա որևէ հարձակվողական գործողություն չիրականացնի Իրաքի կառավարության նկատմամբ, քանի որ դա կդիտվի ագրեսիա ուղղված Մեծ Բրիտանիայի և «Դաշնակից ուժերի» դեմ, և առաջարկեցին հաշտություն:

Մուստաֆա Բարզանին ընդունեց Անգլիայի դեսպանի և կառավարության առաջարկած հաշտությունը: Նուրի Սաիդի ղեկավարած կառավարության կողմից Իրաքյան Քուրդիստան ուղարկված, ազգությամբ քուրդ նախարար Մաջիդ Մուստաֆային հաջողվում է համաձայնության գալ ապստամբների ղեկավարների հետ: Ապստամբների պահանջներն էին.

  1. Քրդական նահանգն իր մեջ պոտք է ներառեր Քիրքուքի, Սուլեյմանիայի,  Էրբիլի, Դիհոկի և Խանաքինի շրջանները:
  2. Իրաքյան կառավարությունում քրդական հարցերով զբաղվող հատոկ նախարար պետք է նշանակվեր, որը պատասխանատու կլիներ Իրաքի կառավարության առջև նահանգում տիրող իրավիճակի համար:
  3. Յուրաքանչյուր նախարար պետք է ունենար իր ազգությամբ քուրդ օգնականը:
  4. Քրդական նահանգը պետք է ունենար տնտեսական, մշակութային ինքնավարություն և ներքին բոլոր հարցերը պետք է լուծեին նահանգային իշխանությունները, բացի բանակի և ոստիկանության հետ կապված հարցերը:

Ի վերջո 1944թ.-ի հունվարին Սուլեյմանիայում կնքված համաձայնագրով ժամանակավոր անդորր է հաստատվում: 1944թ.-ի  համաձայնագրով քրդերին տրվում էր ազգային կրթության և մշակույթի ինքնավարություն: Ապստամբների կողմից գրավված տարածքները մնում էին վերջիններիս, արաբ իշխանավորները փոխարինվում էին քրդերով, քրդական շրջաններում իշխանությունն իրականացնելու էին քրդերը: Զենքն ու զինամթերքը նույնպես մնում էր ապստամբներին, կալանավորված քրդերը ազատ էին արձակվում: Կառավարությունն իր վրա վերցրեց քրդական շրջաններում դպրոցների և հիվանդանոցների բացումը: Բոլոր ապստամբ ցեղերին ներում էր շնորհվում, ինչպես նաև վերադարձ հայրենի բնակավայրեր: Մաջիդ Մուստաֆան հավաստիացրեց Մուստաֆա Բարզանուն, որ նրանց պահանջները կբավարարվեն: Քուրդ ազգաբնակչությունը գոհ էր: Սակայն պետք է նշել, որ համաձայնագրի ստորագրումից հետո 4 ամսվա ընթացքում կառավարությունը նոր դրական քայլեր չկատարեց, որը կրկին դժգոհությունների առիթ էր տալիս :

Ընդհանուր առմամբ, համաձայնագիրը բավարարում էր քրդերի գլխավոր պահանջները և այդ տեսանկյունից այն մեծ առաջընթաց էր: Սակայն ամբողջ խնդիրը նրանում էր, թե ինչքանով իրաքյան կառավարությունը և Անգլիան անկեղծ կլինեին իրենց իսկ կողմից տրված խոստումների կատարման մեջ: Կյանքը ցույց տվեց, որ դա սոսկ ժամանակ շահելու մի խաղ էր, որի միջոցով վերջիններս ուզում էին վերջնական հարված հասցնել ապստամբներին: Սակայն նոր զինված ապստամբության սպառնալիքը ստիպեց Նուրի Սաիդին 1944թ.-ի մայիսին անձամբ այցելել քրդական շրջաններ: Նուրի Սայիդը նույնիսկ հայտարարեց, որ պատրաստ է ընդունել քրդերի որոշ պահանջներ: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները, ո’չ Նուրի Սաիդը, ո’չ էլ 1944թ.-ի հունիսին նրան փոխարինած Համդի ալ-Պաչչաչը մտադիր չէին իրականացնել իրենց իսկ տված խոստումները: Նուրի Սաիդի կառավարությունը չեղյալ հայտարարեց քրդերի հետ կնքված համաձայնագիրը, իսկ ալ-Պաչչաչը շտապեց ազատվել քուրդ նախարարից՝ սկսելով նոր ռազմական բազաներ կառուցել Քուրդիստանի լեռներում: Ալ-Պաչչաչու գլխավորած կառավարությունը հրաժարվեց համաձայնագրի պայմանների իրականացումից: Կառավարությունը հրաժարվեց ստեղծել քրդական ամբողջական շրջան:

1944-1945թթ.-ին քրդերը նորից ապստամբեցին և սկսվեց ապստամբության երկրորդ փուլը: Չկարողանալով սկզբից ևեթ ճնշել ապստամբությունը՝ ալ-Պաչչաչը ուզում էր ժամանակ շահել, որի համար 2 անգամ ապստամբների մոտ ուղարկեց միջնորդների, որոնց առաքելությունը տապալվեց: Ապստամբները պահանջում էին 1944թ.-ի համաձայնագրի իրականացումը: 1944թ. գարնանից իրաքյան զորքերը պասիվ էին ռազմական գործողություններում: 1945թ.-ի հուլիսի կեսերին ալ-Պաչչաչն ամբողջ զորքի գրեթե կեսից ավելին հանեց քրդերի դեմ, որոնց գլխավորում էր անգլիացի գեներալ-մայոր Ռենտոնը: Մուստաֆա Բարզանին իրաքյան զորքի դեմ հանեց 4-5 հազար մարդ: Քրդերը ջախջախիչ պարտության մատնեցին կառավարական զորքերին՝ վերահսկողություն սահմանելով Զահո, Ակռա, Ամադիա, Զիբար և Ռևանդուզ քաղաքների նկատմամբ: Քրդերն արդեն մոտ էին նավթային պաշարներով հարուստ Էրբիլ քաղաքի գրավմանը, երբ դեպքերին խառնվեց անգլիական օդուժը, որի միջամտության արդյունքում երկրի երեսից ոչնչացան 5 գյուղեր, այդ թվում և Բարզանան. շուրջ 50 բնակավայրեր ենթարկվեցին ավերածությունների: Անգլիական օդուժը ռմբահարում էր քրդական գյուղերը: Այսպիսով, անգլիական օդուժը ստիպեց ապստամբներին հետ քաշվել դեպի լեռները և այնտեղից շարունակել պայքարը, որը տևեց մինչև խոր աշուն և որի ընթացքում քրդերը բազում հաղթանակներ տարան կառավարական զորքերի նկատմամբ: 1945թ.-ի սեպտեմբերին իրաքյան զորքերը 3 շարասյունով առաջ շարժվեցին դեպի ապստամբության կենտրոնը՝ օգնություն ստանալով նաև Թուրքիայից: Քրդական զորախմբերի վիճակը էլ ավելի վատթարացավ, երբ որոշ ցեղերի առաջնորդներ դավաճանեցին ապստամբներին, օրինակª Մահմուդ Զիբարը, որն իր 2000-անոց խմբով, ամբողջ զինամթերքով անցավ կառավարության կողմը: Բարզանին նահանջեց լեռները, իսկ հետո իրանական Քուրդիստան, որտեղից էլ իր համակիրների հետ ԽՍՀՄ, ուր նրան քաղաքական ապաստան տրվեց :

Այսպիսով, Թուրքիայի կողմից թուրք-իրաքյան սահմանի փակումը, որոշ քուրդ աղաների ծախվածությունը, անգլիական օդուժը ճնշեցին ապստամբությունը, իսկ Մուստաֆա Բարզանին մի կերպ անցավ Իրան՝ Մեհաբադ, որտեղից էլ ԽՍՀՄ, ուր մնաց մինչև 1959թ.-ը:

Օգտագործված գրականություն

  1.  Оганесян Н., «Национально-овободительное движение в Ираке», Ереван 1976
  2. Федченко А. Ф., «Ирак в борьбе за независимость (1917-1969)», Москва 1970
  3. Hassan Arfa, «The Kurds», New York Toronto 1966

            

Categories: Պատերազմ, Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն, Աշխարհագրություն | Tags: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: