Հայաստանի անկախության մասին հռչակագիրը

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորոն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից եւ դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի եւ վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սկզբունքները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է` խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում. բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, Հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
Գերագույն խորհրդի քարտուղար` Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

23 օգոստոսի 1990 թվականի,
քաղ. Երեւան

            

Реклама
Categories: Պատմություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Ազգագրություն | Метки: , , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

Блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: