Հակագլոբալիստական շարժումն աշխարհում

Արդեն տաս տարուց ավելի է, ինչ խոշոր միջազգային կազմակերպությունների և պետությունների (օրինակ`Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Եվրոպական Միություն) ղեկավարների հանդիպումները անց են կացվում հակագլոբալիստների ցույցերի ներքո: Դեռևս հիշողության մեջ թարմ են 2001թ.-ի Ջենովայի իրադարձությունները, որոնք առանց չափազանցնելու դարձան հակագլոբալիստների բողոքի գործողությունների գագաթնակետը: Այդ օրերին Ջենովայում էին հավաքվել 150.000-200.000 երիտասարդ ցուցարարներ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Եվրոպական կառավարությունների մակարդակով սկսեցին արձագանքներ լսվել հետագայում նմանատիպ հավաքների աննպատակահարմարության մասին: Արժե՞ արդյոք մի ամբողջ քաղաք վերածել պաշարված քաղաքի այն բանի համար, որ մի քանի մարդ իրար հետ հաճելի զրուցեն, ժպտան լուսանկարչական ապարատների առաջ և հետո էլ ստորագրեն նախօրոք նախապատրաստված փաստաթղթերը:

Ովքե՞ր են հակագլոբալիստները

Առաջին անգամ հակագլոբալիզմի մասին խոսեցին 1994թ.-ի սկզբին, երբ Մեքսիկայի հարավում հնդկացիները ապստամբություն բարձրացրին, որը գլխավորում էր սուբկոմանդանտե Մարկոսը: Հետաքրքիր է, որ Մարկոսը ավարտել է Մեխիկոյի համլսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և որոշ ժամանակ տպագրվել է որպես արձակագիր և թարգմանիչ: Լքելով հայրենիքը` մի քանի տարի աշխատել է Սան Ֆրանցիսկոյում` որպես ծրագրավորող, ինչից հետո վերջնականապես որոշել է կյանքի ճանապարհը և երեսուն տարեկանում զենքը վերցրել ձեռքերը: Բացի պատերազմից և քաղաքականությունից ուսումնասիրում է մեքսիկական ժողովրդական բանահյուսությունը և ինքն էլ բանաստեղծություններ է գրում:

1994թ.-ի հունվարի 1-ին, երբ Մեքսիկան առևտրական համաձայնություն էր կնքում ԱՄՆ-ի և Կանադայի հետ, որը նախատեսում էր Չիապաս նահանգի նավթահանքերի և փայտանյութերի յուրացում, սև դիմակներով մարդիկ գրավեցին նահանգի մայրաքաղաքը: Աշխարհի բոլոր նշանավոր մարդկանց ուղղված Մարկոսի առաջին իսկ ելույթները և նամակները առաջ բերեցին ձախերի հիացմունքը: Նա խոսում էր միջազգային ընկերությունների մահվան մասին և վստահեցնում էր, որ այժմ ընթանում է չորրորդ համաշխարհային պատերազմը (երրորդը նրա կարծիքով ավարտվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից և սոցիալիստական ճամբարի կործանումից հետո): Նրա կոչերը և գաղափարները մեծ արձագանք գտան և նրա կողմից հրավիրված առաջին իսկ աջակցության համագումարին, որը տեղի էր ունենում Իսպանիայում, ժամանեցին 5000-ից ավելի պատվիրակներ տարբեր հասարակական կազմակերպություններից: Այդպես ստեղծվեց ազգային ազատագրման Սապատիստական բանակը, որն այդպես անվանվեց ի պատիվ 1917թ.-ի քաղաքացիական պատերազմի մեքսիկական հերոս Սապատի անունով:

2001թ.-ին սուբկոմանդանտե Մարկոսը, ցուցադրելով իր ուժը, գլխավորեց դեպի Մեխիկո խաղաղ երթը: Այդ երթին միացան ռեժիսոր Օլիվեր Սթոունը, նոբելյան մրցանակակիր Խոսե Սարամագոն, «Մոնդ Դիպլոմատիկ» թերթի խմբագիր Իգնասիո Ռամոնեն, նշանավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը և Եվրախորհրդարանի մի քանի պատգամավորներ: Մայրաքաղաք Մեխիկոյում Մարկոսը հավաքեց 300.000 մարդ և հայտարարեց, որ չի պատրաստվում բավարարվել փոխզիջումներով, ինչից հետո վերադարձավ Չիապաս: Չնայած կառավարական բանակին և ԱՄՆ-ի ճնշմանը, սապատիստների կողմից զբաղեցրած շրջանը մինչև օրս էլ ինքնավար է մնում:   Սուբկոմանդանտե Մարկոսը դարձավ Արևմուտքի ձախ ծայրահեղական գաղափարներ ունեցող երիտասարդության պաշտամունքի առարկան: Հետաքրքիր է, որ անձամբ Մարկոսը կալաշնիկով ինքնաձիգը համարում է հարձակմանը համարժեք պատասխանելու զուտ միջոց, իսկ իր գլխավոր զենքը նա համարում է ինտերնետը:

Հակագլոբալիստական շարժումը միատարր չէ: 2003թ.-ի տվյալներով աշխարհում հաշվվում էր ավելի քան 2500 հակագլոբալիստական կազմակերպություններ, որոնք հիմնականում ձախ ուղղվածություն ունեն, չնայած նրանց շարքերում կան նաև պացիֆիստներ, արհմիությունների ներկայացուցիչներ, երիտասարդական,  էկոլոգիական, ուսանողական կազմակեպությունների ներկայացուցիչներ, անարխիստներ, «կանաչներ», մարդու իրավունքների պաշտպաններ, սպառողների իրավունքների պաշտպաններ, ազգայնականներ, աբորտի օրինականացման հակառակորդներ, գործազուրկներ, հիպպի երիտասարդներ, ինչպես նաև հավատացյալներ` քրիստոնյաներ և մահմեդականներ: Նման բազմազանությունը վկայում է, որ այդ շարժումը վերահսկողության տակ չի կարող վերցնել ոչ մի կուսակցություն, կազմակերպություն կամ կառավարություն: Հակագլոբալիստները դրանք փաստացի մարդկանց անվերահսկելի խմբեր են:

Ամենախոշոր խմբավորումներց է համարվում «Ատտակ»-ը, որի անդամների թիվը անցնում է 30 000-ից և որը բջիջներ ունի աշխարհի ավելի քան 20 երկրներում: Այդ խմբավորման առաջնորդներն են համարվում ֆրանսիացի ֆերմեր Ժոզե Բովեն, որը աչքի ընկավ նրանով, որ Միլանում իր տրակտորով քանդեց տեղի «Մակդոնալդս»-ը և լրագրողուհի Սյուզեն Ջորջը, որը մի վեպ-հակաուտոպիա է գրել («Լուգանոյի զեկույցը»), որում նկարագրել է և կանխատեսել կապիտալիստական մենաշնորհների կողմից մոլորակի զավթումը և ամբողջ երկրների և ժողովուրդների ոչնչացումը: Կազմակերպության կայքն է www.attac.org:

Բավական հզոր ուժ է իրենից ներկայացնում «Մարդկանց գլոբալ գործունեություն» խմբավորումը, որը ստեղծվել է 1999թ.-ին Եվրոպայում և աչքի ընկել Լոնդոնում փողոցային բախումներով: Հրապարակում է «Հետևում ենք կորպորացիաներին» ամսագիրը:

«Բլեք Բլոք» («Black Bloc») խմբավորումը մասնագիտացել է ագրեսիվ գործողությունների մեջ` թանկարժեք խանութների և գրասենյակների ավերում, ոստիկանության հետ բախումներ: Անարխիստական ուղղվածություն ունի:

«Երրորդ դիրքորոշում» («The Third Position») խմբավորումը ի հայտ է եկել Եվրոպայում, սակայն այժմ ավելի շատ կողմնակիցներ ունի ԱՄՆ-ում: Նրանց գաղափարախոսությունը ստեղծված է ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ գաղափարների անհասկանալի զուգակցումից, որը ենթադրում է բողոքի իրականացման ագրեսիվ մեթոդներ:

«Ya Basta»-ն անարխիստական գաղափարներ կրող կազմակերպություն է: Այն ամենառազմականացված խմբավորումներից է և նույնիսկ սեփական համազգեստը ունի: Պատահել է դեպք, երբ գնացքը, որով մեկնում էին «Ya Basta»-ի անդամները, կանգնեցրել էին սահմանի վրա, ինչից հետո նրանց հաջողվել էր գրավել  կայարանը և մաքսատունը:

«Ծայրահեղ բնապահպաններ»        կազմակերպությունը գտնում է, որ բնապահպանական աղետից խուսափելու համար, որը անպայման տեղի կունենա «սպառողական հասարակության» հետ, պետք է հակաշուկայական հեղափոխություն իրականացնել: Նրանց գաղափարաբան և տեսաբան Մյուռեյ Բուչկինը այսօր ավելի հայտնի է, քան որոշ ռոք-աստղեր: Նրանց գաղափարներին կարելի է ծանոթանալ www.ecodefense.ru կայքում:

«Հակտիվիստ»-ը հաքեր-ակտիվիստներից կազմավորված խմբավորում է: 2001թ.-ի դավոսյան ֆորումի ժամանակ օրինականացվել էին նրա բոլոր մասնակիցների` այդ թվում Բիլ Գեյցի և Բիլ Քլինթոնի կրեդիտ քարտերի համարները: Նրանց կայքն է www.thehacktivist.com:

ԱՄՆ-ում հակագլոբալիստների շարժմանն են հարում պողատաձուլական արդյունաբերության աշխատակիցների («United Steelworkers of America»)  և ապրանքատար մեքենաների վարորդների («International Brotherhood of Teamsters») արհմիությունները, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունները` «Գլոբալ Իքսչենջ»-ը («Global Exchange»), «Փաբլիք Սիթիզեն»-ը («Public Citizen»)  և «Գլոբալ Թրեյդ Ուոթչ»-ը  («Global Trade Watch»):

Հեղինակավոր և մեծ տպաքանակ ունեցող հակագլոբալիստական թերթերից են համարվում «Մոնդ Դիպլոմատիկ»-ը և «Նյու-Լեֆթ ռեվյու»-ն:

Հակագլոբալիստներին ընդունված է բաժանել երկու ճամբարների` չափավորների և ծայրահեղների: Չափավորները ներկայացված են այսպես կոչված Ջենովայի Սոցիալական Ֆորումի տեսքով, որն իր մեջ ներառում է ավելի քան 800 խմբավորումներ, որոնք հանդես են գալիս «Երրորդ աշխարհի» երկրների պարտքերը մարելու, ինչպես նաև առանց ատոմային ռումբի աշխարհի և բնապահպանական ծրագրերի համար: Նրանք մերժում են բռնարարքները և իրենց բողոքն են արտահայտում խաղաղ ցույցեր, պիկետներ, համերգներ կազմակերպելու ճանապարհով: Ջենովայի Սոցիալական Ֆորումի ներկայացուցիչները երկխոսության են գնում իշխանության ներկայացուցիչների հետ, նրանց հետ բանակցություններ են վարում, եթե այդ պահին իրավիճակն է այդպես թելադրում:

Հակագլոբալիստների ծայրահեղ թևը կազմում են ոչ մեծ քանակությամբ խմբավորումներ, որոնք կապիտալիզմի դեմ պայքարի ավելի ագրեսիվ ձևեր են կիրառում: Սակայն նույնիսկ նրանց մեջ ոչ բոլորն են արյունարբու ահաբեկիչներ. կան նաև այսպես կոչված «չափավոր ծայրահեղական» խմբավորումներ, որոնք բավարարվում են Պեսպսի Կոլայի կարգի խոշոր ամերիկյան ընկերությունների կայքերը ջարդելով կամ էլ ծայրահեղ դեպքում «Մակդոնալդս»-ների ապակիները կոտրելով, ինչպես դա անում են վերը հիշատակված «Ատտակ» և «Մարդկանց գլոբալ գործունեություն» խմբավորումների ակտիվիստները:

Ընդդեմ քաղաքական գործիչների և բիզնեսմեն-գլոբալիստների զինված պայքարի և փողոցային բախումների կոչ են անում միայն մաոիստական և անարխիստական տիպի փոքրաթիվ խմբավորումներ, ինչպիսիք են «Հակակապիտալիստական բլոկը», «Հանուն կոմունիզմի հեղափոխական ճակատը», անարխիստական ուղղվածություն ունեցող «Ya Basta»-ն, «Մաոիստական ինտերնացիոնալը», «Կարմիր սկինները» և այլն և հասկանալի է, որ հենց նրանք են հիմնական աղմուկ հանողները: Այդ խմբավորումների անդամներն էին Սիեթլում, Քվեբեկում և Ջենովայում ոստիկանների վրա պայթուցիկ հեղուկներով շշեր նետում, շրջում և պայթեցնում մեքենաները և այլն:

Հակագլոբալիզմի գաղափարաբանները  

Հակագլոբալիզմի ժամանակակից գաղափարախոսության հիմադիրներից է համարվում ամերիկացի տնտեսագետ, մտածող և հասարակական գործիչ Լինդոն Լարուշը: Իր այլախոհական հայացքների համար, որոնք բացահայտորեն տարբերվում են Ամերիկայում գերիշխող նեոլիբերալիզմի գաղափարախոսությունից, նա 5 տարի անց է կացրել բանտում, սակայն միջազգային հանրության ճնշման տակ վաղաժամկետ ազատ է արձակվել: Լարուշի գլխավոր աշխատությունը «Ֆիզիկական տնտեսություն» գիրքն է, որտեղ նա կտրուկ քննադատում է տնտեսական լիբերալիզմի, մոնետարիզմի և հետինդուստրիալիզմի դրույթները` հակադրելով իրական, «ֆիզիկական տնտեսությունը»` կառուցված իրական բարիքների արտադրության վրա: Լարուշը «հետինդուստրիալ հասարակության» փիլիսոփայության կտրուկ հակառակորդն է, որը վստահեցնում է, որ ինդուստրիալ արդյունաբերական կապիտալիզմին փոխարինելու է եկել մի վիճակ, որտեղ գլխավոր տեղը զբաղեցնում են ծառայությունների մատուցման ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները և որը խրախուսում է սպառման պաշտամունքը: Լարուշի կարծիքով դա բերում է նրան, որ տնտեսությունը դառնում է չարաշահական և վերածվում է ֆինանսական բուրգի, որը վաղ, թե ուշ պետք է քանդվի: Այդպիսին է Լարուշի կարծիքով ներկայիս ԱՄՆ-ի տնտեսությունը, որը հենվում է այն բանի վրա, որ կառավարությունը անընդհատ նոր դոլարներ է տպում: Դեռևս հաջողվում է խուսափել ճգնաժամից` թույլ զարգացած երկրներին անխնա հարստահարելու միջոցով, բայց ինչպես զգուշացնում է Լարուշը, այդպես երկար չի կարող շարունակվել: Նրա երազած հասարակությունը այն հասարակությունն է, որտեղ գերիշխում է աշխատանքը, այլ ոչ թե կապիտալը, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր խոսել մարդու` որպես արարչի մասին: Հետաքրքրիր է, որ Լարուշը գիտատեխնիկական առաջընթացի լիակատար կողմնակից է և կարծում է, որ «Հռոմի ակումբի» գիտնականների նշանավոր մտորումները «աճի վերջնակետերի» մասին (այսինքն տեխնիկայի զարգացումը դադարեցնելու անհրաժեշտության, հակառակ դեպքում Երկրագնդին սպասվում է էկոլոգիական աղետ) ոչ այլ ինչ են, քան Արևմուտքի գաղափարաբանների խայծը` նախատեսված «Երրորդ աշխարհ»-ի համար: «Թո’ղ նրանք մնան այնպես, ինչպես կան. Արևմտյան երկրները տեխնիկապես զարգացած և հարուստ, իսկ Հարավային և Արևելյան երկրները հետամնաց և աղքատ»:

Իրականում, հակագլոբալիստների ուղեղների «իրական տիրակալն» է համարվում սլովենացի փիլիսոփա և հրապարակախոս Սլավոյ Ժիժեկը: Ներկայումս նա աշխատում է «Մշակութաբանական հետազոտությունների համալսարան»-ում (Գերմանիա): Թերևս, նա միակ ժամանակակից ձախ ծայրահեղականն է, որը որոշակիորեն ընդունված է Արևմուտքի բուրժուական շրջանակներում: Պետք է ասել, որ նա հանդուրժողական վերաբերմունք ունի Լենինի գաղափարների նկատմամբ (2001թ.-ին նա Գերմանիայում գիտական կոնֆերանս անցկացրեց, որը նվիրված էր Լենինին և լենինիզմին` դրանով իսկ շոկի մեջ գցելով արևմտյան լրագրողներին):Նրա հայացքները իրենցից ներկայացնում են արևմտյան մարքսիզմի և Ժակ Լականի կառուցվածքաբանական հոգեվերլուծության համադրումը:

Ժիժեկի քննադատության հիմնական թիրախը նեոլիբերալիզմի սրբազան գաղափարներն են` պացիֆիզմը, բազմամշակութայնությունը և հանդուրժողականությունը: Ժիժեկը ձգտում է ապացուցել, որ Արևմուտքի «աբստրակտ պացիֆիզմի» (այսինքն ցանկացած գնով խաղաղություն հաստատելու) հակառակը կողմն է օրինաչափորեն դառնում  ռազմական ագրեսիան (ինչպես Իրաքում և Հարավսլավիայում), որ Արևմուտքի` ուրիշ մշակույթների նկատմամբ հանդուժող լինելու կոչերը վերափոխվում են ռասիզմի նոր ձևի: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ժիժեկի տեսակետները` կապված մեր օրերում ազգայնականության և ծայրահեղականությամբ աճի պատճառների մասին: Նա հրաժարվում է ազգայնականությունը դիտարկել որպես ժամանակակից ազգային մշակույթների վերածննդի ֆենոմեն:  Մեգապոլիսներում ապրող ժամանակակից մարդիկ խոսում, հագնվում, իրենց քիչ, թե շատ նույն ձևով են պահում և հետմոդեռնիստական մարդու ճնշող միօրինակության հակազդեցությունն է դառնում ազգայնականությունը:

Սակայն չի կարելի ասել, որ Ժիժեկը արևմտյան ժողովրդավարության հակառակորդն է, ընդհակառակը, նա ետմոդեռնիստական տարրերով ծայրահեղ դեմոկրատ է: Բանը նրանում է, որ հենց Արևմուտքը իր քաղաքական գործունեության մեջ ավելի և ավելի է հեռանում իր իսկ հռչակած ժողովրդավարության և ազատականության գաղափարներից, ինչը երևում է Հարավսլավիայի վրա ՆԱՏՕ-ական հարձակումներից կամ էլ ԱՄՆ-ի կողմից տարբեր վարչակարգերին աջակցելուց, երբ դա նրան ձեռնտու է: Այսպիսով, Ժիժեկը հին «նոր ձախերի» ոգով դատապարտում է Արևմուտքին լիբերալիզմի քողի տակ «թաքնված ֆաշիզմին» անցնելու մեջ:

Հակագլոբալիստների մյուս գաղափարական առաջնորդներից կարելի է հիշատակել նշանավոր լեզվաբան և քաղաքագետ Նոում Հոմսկիին, ինչպես նաև սուֆի և անարխիստ Հաքիմ Բեյին: Պետք է նաև ասել, որ հակագլոբալիստական ծայրահեղական խմբավորումների շարքերում դեռևս մեծ հեղինակություն են վայելում «ձախ գաղափարների» դասականների գործերը, ինչպիսիք են Բակունինը, Կրոպոտկինը, Մարքսը, Լենինը, Տրոցկին, Ադորնոն, Մարկուզեն, Գի Դեբորը և այլոք:  Հակագլոբալիզմի գաղափարներով են վարակված արևմտյան մտավորականության մի շարք հայտնի ներկայացուցիչներ` այդ թվում նաև Հոլիվուդի մի շարք աստղեր:

Ի՞նչ են պահանջում հակագլոբալիստները

Այն տեղեկությունները և հեռուստառեպորտաժները, որոնք տարածում են ԶԼՄ-ները հակագլոբալիստների մասին, հասարակ մարդկանց մոտ այն տպավորությունն է ստեղծում, որ նրանք ոչ մի հստակ ծրագիր չունեն և միայն կարող են աշխարհը փոխելու կոչեր անել: Դա այդքան էլ ճիշտ չէ, սակայն, իհարկե, դժվար է ժխտել, որ հակասություններ հակագլոբալիստների միջև, այնուամենայնիվ, կան, բայց պետք է նաև նշել, որ կան նաև ընդհանուր մոտեցումներ: Ավելին, գոյություն ունեն հակագլոբալիստների կողմից համատեղ ընդունված փաստաթղթեր, որոնցից է օրինակ Ժնևի այլընտրանքային կոնֆերանսում ընդունված հանրագիրը (պետիցիա), որում մասնավորապես ասվում է. «Մենք պահանջում ենք Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կտրուկ փոփոխությունը, որովհետև նրանք են մեղավոր համաշխարհային աղքատության և անհավասարության աճի համար… ՀԲ-ի և ԱՄՀ-ի քաղաքականությունը պետք է հարգի և պաշտպանի մարդու իրավունքները»: Այսպիսով, հակագլոբալիստները գոհ չեն այն իրավիճակից, որ այսպես կոչված 7 զարգացած երկրները փաստացի ղեկավարում են ամբողջ աշխարհը, վերահսկում են ՄԱԿ-ի, ՀԲ-ի, ԱՄՀ-ի տիպի միջազգային կառույցները, աշխարհի աղքատ երկրներին իբր թե օգնելու համար այնպիսի բարձր տոկոսադրուքներով վարկեր են տալիս, որ վերջիններս ֆինանսական կախվածության մեջ են ընկնում, «ազատ առևտուր» կարգախոսի տակ կործանում են նրանց տնտեսությունը և այլն: Հակագլոբալիստներին դուր չի գալիս, որ արևմտյան կառավարությունները բացահայտորեն խառնվում են ուրիշ երկրների գործերին, այնտեղ հաստատում իրենց ձեռնտու վարչակարգեր, զբաղվում են տեղեկատվական պատերազմով: Բացի այդ հակագլոբալիստները մտահոգված են այն իրավիճակով, որը կա հենց Արևմուտքում, որտեղ ինչպես արդեն երևում է մոտենում է տնտեսության համակարգային ճգնաժամը, սակարաններում տարեցտարի ավելի է նկատվում անկայունությունը, իսկ արևմտյան հասարակության հիմքը համարվող միջին դասը հետզհետե նոսրանում է:

Սակայն պետք է նշել, որ նույնիսկ իրենց պահանջների մեջ հակագլոբալիստական տարբեր խմբավորումները տարբերվում են: Չափավորները պահանջում են արևմտյան կառավարություններից անմիջապես մարել «Երրորդ աշխարհի» երկրների պարտքերը (հետաքրքրական է, որ ընդհանուր թվով 1,1 միլիարդ բնակչություն ունեցող 47 ամենաաղքատ երկրների պարտքերը հասել են 450 մլրդ դոլլարի: Որոշ պետություներ նոր վարկերի մինչև 80%-ը ծախսում են այդ պարտքերի մարման վրա), դադարեցնել արևմտյան ապրանքների էքսպանսիան նրանց շուկաներ, Արևմուտքի երկրներում հարկադրույքների փոփոխություն իրականացնել, խրախուսել հայրենական արտադրողների և այլն: Ձախ ծայրահեղականները` նեոկոմունիստները և անարխիստները, պահանջում են համաշխարհային կոմունիստական հեղափոխություն: Նրանք վստահեցնում են, որ քանի գոյություն ունի արտադրության միջոցներով անձնական ունեցվածքի վրա հիմնված շուկայական տնտեսությունը, հարուստ երկրները կշարունակեն հարստանալ աղքատների հաշվին և հարուստ Հյուսիսի և աղքատ Հարավի միջև անդունդը կմեծանա: Ձախերի կարծիքով, կապիտալիստները հետաքրքրված են միայն իրենց շահույթով, իսկ ապրանքների և շահույթի արդար բաժանումը հնարավոր է միայն պլանային տնտեսության պայմաններում: Նրանք նշում են, որ խոսքը գնում է «իրական սոցիալիզմի» մասին, այլ ոչ թե «սոցիալիզմի բյուրոկրատական ծաղրանկարի, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր»:

Այս ամենի հետ մեկտեղ պետք չէ մտածել, որ այդ ամենը հուզական բողոք է` պայմանավորված «Երրորդ աշխարհում» միջազգային ընկերությունների գործողությունների բացահայտ անարդարությամբ: Հակագլոբալիստական բողոքը իր արմատներով գնում է դեպի առանձին փիլիսոփայական ուղղություն, որը հանդիսանում է 60-ականների «նոր ձախերի» փիլիսոփայության իրավահաջորդը (Գ. Մարկուզե, Ժ. Պ. Սարտր, Է. Գի Դեբոր և այլն), չնայած այստեղ նույնպես չի կարելի խոսել միատարրության մասին:

Ինչպե՞ս են գործում հակագլոբալիստները

Հեռուստատեսությանը հետևողների մոտ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ հակագլոբալիստները զբաղված են միայն քաղաքից քաղաք տեղափոխվելով և  գլոբալ տնտեսական համաժողովների ժամանակ հավաքներ և ցույցեր կազմակերպելով: Դա այդքան էլ այդպես չէ` թեկուզ այն ապտճառով, որ ոչ բոլոր անդամները այնքան միջոցներ ունեն, որպեսզի տեղափոխվեն երկրից երկիր: Բացի այդ, անմիջական գործողությունների պատրաստ են միայն ակտիվիստները և պարզ է, որ բացի նրանցից գոյություն ունեն պասիվ անդամներ: Հակագլոբալիստների մեծամասնությունը, որոնք չեն մասնակցում համաժողովների ժամանակ ցույցեր կազմակերպելով, առաջին հերթին զբաղվում են «մոլեկուլյար» գործողություններ կազմակերպելով, որոնք իրականացվում են մեկ-երկու գործողության համար մի քանի մարդուց հանպատրաստի ստեղծված «իրավիճակային» խմբերից: Ընդ որում, մենք այստեղ գործ ունենք մշակված մարտավարության հետ` հիմնված «մոլեկուլյար»` այսինքն կապիտալիզմի ուղղությամբ բազմանպատակային և բազմակողմանի հարվածների տեսության վրա, որի հիմքերը դրել է իտալացի կոմունիստ Անտոնիո Գրամշին և որը զարգացվեց 1968թ.-ի մայիսի հեղափոխականների կողմից  (Է. ԳԻ Դեբոր): Համաձայն այդ տեսության` անցել են այն ժամանակները, երբ կապիտալիզմը հնարավոր էր տապալել աշխատավորների շրջանում քարոզչություն ծավալելով և կենտրոնացված կուսակցություններ ստեղծելով: Բուրժուական քարոզչամեքենան` հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերը, գրեթե ի չիք են դարձնում այդ քարոզչությունը, դրա համար էլ որպեսզի ցնցես կապիտալիզմի հիմքերը, պետք են միաժամանակյա հարվածներ հասցնես նրա հազարավոր կետերին` ընկերություններին, կուսակցություններին, թերթերին և այլն, որը կարելի է իրականացնել փոքր խմբերով և նույնիսկ միայնակ: Այդ խմբերը աշխատում են այսպես` միավորվում են երկու-երեք մարդ և իրենց համար թիրախ են ընտրում` ասենք «Պեպսի Կոլա» ընկերությունը: Նրանց գործողությունների հետագա նպատակն է դառնում բոլոր հնարավոր միջոցներով այդ ընկերության իրական նպատակների բացահայտումը: Կարելի է ասենք իրենց ենթակա քարոզչական միջոցներով հասկանալի լեզվով բացատրել, թե ի՞նչ է տեղի ունենում գազավորված խմիչքների հայրենական արտադրողների հետ, երբ շուկա է մտնում  գլոբալիստ-«Պեպսին» և ի՞նչ է դա նշանակում համապատասխան ձեռնարկությունների հասարակ աշխատողների համար: Կարելի է հակագովազդ կազմակերպել, ձեռնարկությունների մոտ ցույցեր անել, մամուլում նյութեր հրապարակել և այլն: Շատ դեպքերում նման գործողությունները արդյունք են տալիս: Վերջերս, հակագլոբալիստների ճնշման տակ ձեռնարկատերերը Մալազիայում գտնվող իրենց ձեռնարկությունում ստիպված էին բարձրացնել մարդկանց աշխատավարձը, որտեղ լայնորեն կիրառվում է 12 տարեկան երեխաների աշխատանքը:

Բացի ամենօրյա «մոլեկուլյար» գործողություններից հակագլոբալիստները զբաղված են թռուցիկներ, ամսագրեր և թերթեր հրապարակելով (ամենահայտնին «Հետևում ենք կորպորացիաներին»` «Մարդկանց գլոբալ գործունեություն» կազմակերպության պաշտոնաթերթը), սեփական համաժողովների և կոնֆերանսների անցկացմամբ:

 Չնայած իրենց կազմի բազմատարրությանը` հակագլոբալիստնեը լավ են կազմակերպված: Հաշված օրերի ընթացքում նրանք մի տեղում կարող են հավաքել մինչև 100 000 մարդ Ամերիկայի և Եվրոպայի տարբեր երկրներից: Դա մեծապես բացատրվում է նրանց ինտերնետի լավ իմացությամբ:

1999թ.-ի հունիսին Քյոլնում կայացավ հակագլոբալիստների առաջին ցույցը: Հինգ ամիս հետո Սիեթլում, որտեղ անցկացվում էր Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համաժողովը, այստեղ էր եկել ավելի քան 50.000 ցուցարար, որոնց փաստացիորեն հաջողվեց խափանել միջոցառումը: Սիեթլ-99-ում լրիվ ինքնաբուխ ստեղծվեց հակագլոբալիստների ինտերնետային տեղեկատվական գործակալությունը` «Ինդիմեդիան», որն այժմ անվանում են կապիտալիզմին հակազդեցության մոլորակային ուժերի գործակալություն (www.indymedia.org և ռուսական տարբերակը http://www.russia.indymedia.org): Նրա միջոցով հակագլոբալիստները ոչ միայն պայմանավորվում են համատեղ ճանապարհորդությունների, այլ նաև իրար են հաղորդում իրենց գործողությունների մասին, փոխանակվում են պլաններով:

2000թ.-ի մայիսի 1-ին` կապիտալիզմի դեմ պայքարի միջազգային օրը, Լոնդոնի և Փարիզի հակագլոբալիստները անկարգություններ իրականացրին Համաշխարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի շենքերի հարևանությամբ:

Եվ, վերջապես 2001 թվական… Ջենովայում տեղի ունեցող «Մեծ ութնյակի» երկրների հանդիպումը խափանելու էին եկել ավելի քան 200 000 հակագլոբալիստներ: Իրավապահ մարմինների և հակագլոբալիստների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվեցին մեկ ցուցարար և մեկ ոստիկան, 300-ից ավելը վիրավորվեցին: Ջենովայի իրադարձությունները ցույց տվեցին, որ արդեն գոյություն ունի օրեցօր հզորացող շարժում, որն ի վիճակի է իր հետևորդներին հավաքել Արևմուտքի տարբեր քաղաքներում:

Սակայն 2001թ.-ի սեպտեմբերի նյու-յորքյան ահաբեկչություններից հետո, երբ ցանկացած էքստրիմիզմ սկսվեց դիտարկվել որպես ահաբեկչություն, հակագլոբալիստների գործողությունները կտրուկ փոփոխվեցին: Ահա թե ինչու է, որ չափավոր հակագլոբալիստների շրջանակներում որոշում ընդունվեց սահմանզատվել ամեն տեսակ անարխիստական խուժանից, ինչպես նաև աջ, ձախ և ցանկացած ուղղվածության ծայրահեղականներից: Ատտակը` գլխավոր մտավոր կենտրոնը, առաջարկեց նոր տերմին` ալտերգլոբալիստներ` ուրիշ գլոբալիստներ: Դա ոչ միայն անվան, այլ նաև ծրագրի փոփոխություն էր: Ալտերգլոբալիստները գլոբալիզացիայի կողմնակիցներ են, բայց հստակ ձևավորված սոցիալական ծրագրերով, որը յուրաքանչյուր երկրում գտնվում է քաղաքացիական հասարակության վերահսկողության տակ: Եվ, իհարկե, առանց բռունցքների և քարերի:

Հակագլոբալիզմի իմաստը

Հակագլոբալիստների շարժումը առաջին հերթին կարևոր է նրանով, որ նրանք փորձում են ջարդել արևմտյան քարոզչության այն գեղեցիկ հեքիաթը, թե իբր վրա է հասել հումանիզմի, առաջընթացի և համաձայնության դարաշրջանը` այսպես ասած պատմության հեփի-էնդը (պատահակա չէ, որ արևմուտքում այժմ ջանասիրաբար «պտտում» են ճապոնական արմատներով ամերիակացի Ֆուկույամայի «Պատմության ավարտը» աշխատությունը, որտեղ առաջ է քաշվում այն գաղափարը, որ հյուսիսամերիկյան տիպի կապիտալիզմը պատմական առաջընթացի գագաթնակետն է համարվում` արդեն վրա հասած «պայծառ ապագան», այնպես որ ինչ-որ բանի ձգտել այլևս պետք չէ, այլ պետք է պահպանել և ամրապնդել ամերիկանիզմը): Հակագլոբալիստները նշում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայում են զուտ «ուղեղներ լվանալու» համար: Ի՞նչ ազատ ընտրության մասին կարող է գնալ խոսքը, եթե աշխարհի թերթերի 90%-ը օգտվում են ընդամենը վեց տեղեկատվական գործակալությունների ծառայություններից (Ռոյթերս, ԱՊ, ՅՈՒՊԻ, Կիոդո Ցուսին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ): Նշանավոր ամերիկացի լրագրող Ժակ Կեյզերը, անդրադառնալով այս հարցին, նշում է. «Չկա ո’չ իրական ընտրություն, ո’չ փաստերի ազատ մեկնաբանություն, քանզի տեղեկատվությունը և կարծիքները ընտրվում են մարդու համար, այլ ոչ թե հենց նրա կողմից: Միլիոնավոր մարդիկ կարդում են նույն հոդվածները, նորությունները ընթերցում և նրանց մեկնաբանությունները ստանում են շատ հաճախ ընդամենը մեկ աղբյուրից»:

Հակագլոբալիստները ճշմարտացիորեն նշում են, որ զարգացած երկրների հարուստների և միջին դասի շքեղ կյանքը, որն այդպես ջանասիրաբար քարոզում են արևմտյան ԶԼՄ-ները, ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ հեքիաթ, որի ետևում կեղտ, արյուն և միլիոնավոր և միլիարդավոր մարդկանց տառապանք է: Ընդ որում, ինչքան Արևմուտքում ուժեղ է «տոտալիտար լիբերալ տեղեկատվության» ճնշումը, որը ցանկացած երևույթի, որը դուրս է լիբերալ դաշտից, կպցնում է էքստրիմիզմի պիտակը, այնքան ուժեղ է դառնում ազատամիտ արևմտյան երիտասարդության ճնշումը:

            

Categories: Շոու-բիզնես, Պատերազմ, Պատմություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Օրենսդրություն, Բարձրագույն տեխնոլոգիաներ, Բիզնես, Գրականություն, Ենթամշակույթ, ԶԼՄ, Կրոն | Tags: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 4 комментария

Навигация по записям

4 thoughts on “Հակագլոբալիստական շարժումն աշխարհում

  1. Sos Sargsyan

    Գլոբալացումը դա ստրկության նոր ձևի ծնունդն է:

  2. ես էլ եմ գլոբալիզացիային դեմ,բայց դրա դեմ պայքրելը անհնար է

  3. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.Blognews.am կայքում: Շնորհակալություն:

  4. Уведомление: Հակագլոբալիստական շարժումն աշխարհում | Nyut.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

%d такие блоггеры, как: