Posts Tagged With: ուտոպիա

Հակաուտոպիա

Հակաուտոպիան (անգլ. dystopia) գեղարվեստական գրականության մեջ և կինոյում ուղղություն է, որը նեղ իմաստով տոտալիտար պետության բնութագրություն է, իսկ լայն իմաստով այնպիսի հասարակություն, որտեղ գերակշռում են զարգացման բացասական միտումները:

Պատմություն`

Առաջին անգամ «հակաուտոպիստ» (dystopian) բառը որպես «ուտոպիստ»-ի հակառակը օգտագործել է անգլիացի փիլիսոփա և տնտեսագետ Ջոն Սթյուարթ Միլը 1868 թ.-ին: Իսկ հենց «հակաուտոպիա» (dystopia) տերմինը որպես գեղարվեստական ժանրի անվանում շրջանառության մեջ են դրել Գլեն Նեգլին և Մաքս Պատրիկը իրենց իսկ կողմից կազմված «Ուտոպիայի որոնումներում» (The Quest for Utopia, 1952) ուտոպիաների անթոլոգիայում:

1960-ականների կեսերին հակաուտոպիա տերմինը հայտնվում է սկզբում խորհրդային, իսկ այնուհետ նաև անգլիախոս քննադատության շրջանակներում: Կարծիք կա, որ անգլ. anti-utopia և անգլ. dystopia բառերը հոմանիշեր են: Գոյություն ունի նաև տեսակետ, որը տարբերակում է հակաուտոպիան և դիստոպիան: Համաձայն այդ տեսակետի` դիստոպիան «գիտակցության ուժի հաղթանակն է բարության ուժի նկատմամբ»` ուտոպիայի բացարձակ հակաթեզը, իսկ հակաուտոպիան միայն ուտոպիայի սկզբունքի մերժումն է, որն ազատության առավել շատ աստիճաններ է ներկայացնում: Այնուամենայնիվ, հակաուտոպիա տերմինն առավել տարածված է և սովորաբար ենթադրվում է dystopia իմաստով:

Հակաուտոպիայի և ուտոպիայի տարբերությունները`

Հակաուտոպիան ուտոպիայի տրամաբանական զարգացումն է և տեսականորեն կարող է դասվել այդ ուղղությանը, սակայն եթե դասական ուտոպիան կենտրոնանում է ստեղծագործության մեջ նկարագրված հասարակական կառուցվածքի դրական գծերի ներկայացմանը, ապա հակաուտոպիան ձգտում է վեր հանել դրա բացասական գծերը: Այսպիսով, ուտոպիայի և հակաուտոպիայի տարբերությունը հեղինակի տեսակետի մեջ է միայն: Ուտոպիայի կարևոր առանձնահատկություններից է նրա ստատիկ բնույթը, իսկ օրինակ հակաուտոպիան հակված է վերանայել նկարագրված սոցիալական կառուցվածքի զարգացման հնարավորությունները: Այսպիսով, հակաուտոպիան սովորաբար գործ ունի առավել բարդ սոցիալական մոդելների հետ:

Սովետական գրականագիտության կողմից հակաուտոպիան սովորաբար բացասաբար էր ընդունվում: Օրինակ, «Փիլիսոփայական բառարան»-ում (4-րդ հրատարակություն, 1981) «Ուտոպիա և հակաուտոպիա» հոդվածում ասվում էր. «Հակաուտոպիայում որպես կանոն դրսևորվում է պատմական հույսի ճգնաժամը, հեղափոխական պայքարը հայտարարվում է անիմաստ, նշվում է սոցիալական չարիքի անխուսափելիությունը: Գիտությունն ու տեխնիկան դիտարկվում են ոչ թե ուժ, որոնք նպաստում են գլոբալ խնդիրների լուծմանը և արդար սոցիալական կարգի կառուցմանը, այլ մարդու ստրկացմանը ուղղված միջոց են»: Նման մոտեցումը մեծամասամբ պայմանավորված էր նրանով, որ խորհրդային փիլիսոփայությունը ԽՍՀՄ-ի իրականությունը ընդունում էր եթե ոչ ուտոպիան իրականություն դարձնող, ապա կատարյալ կառուցվածք ստեղծելու տեսություն ունեցող հասարակություն (կոմունիզմի կառուցման տեսությունը): Ուստի ցանկացած հակաուտոպիա դիտարկվում էր որպես կասկած տվյալ տեսության իրավացիության նկատմամբ, ինչն այդ ժամանակ համարվում էր անընդունելի տեսակետ: Читать далее

Реклама
Categories: Պատմություն, Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն, Կինո | Метки: , , , , , , , , , , , , | Оставьте комментарий

Ուտոպիա

Ուտոպիան (հուն. τοπος – «տեղ», ου-τοπος – «տեղ, որը չկա») գիտական ֆանտաստիկային մոտ գեղարվեստական գրականության ժանր է, որտեղ նկարագրվում է հեղինակի տեսանկյունից կատարյալ հասարակության մոդել: Ի տարբերություն հակաուտոպիայի բնորոշվում է հեղինակի կողմից մոդելի անթերիության նկատմամբ հավատով:

Ժանրի անվանումը ծագում է Թոմաս Մորի «Ոսկե գրքույկ, նույնքան կարևոր, որքան էլ ծիծաղաշարժ` պետության լավագույն կազմակերպման և նոր կղզի Ուտոպիայի մասին», որում «Ուտոպիան» միայն կղզու անվանումն է: Իսկ առաջին անգամ այդ բառը «կատարյալ հասարակության մոդել» իմաստով հանդիպում է անգլիացի հոգևորական Սեմյուել Պերչեսի «Ուխտագնացություն» (Pilgrimage, 1613) ճանապարհորդությունների գրքում: Այնտեղ էլ հենց առաջին անգամ օգտագործվում է «ուտոպիական» (utopian) ածականը:

Չնայած տերմինի շրջանառության մեջ ուշ մտնելուն` արևմտյան գրականության մեջ առաջին ուտոպիան համարվում է Պլատոնի «Պետություն» երկխոսության կատարյալ հասարակության մոդելը: Բացի այդ, ուտոպիական մոտիվներ գոյություն ունեն գրեթե բոլոր ժողովուրդների առասպելներում:

Ժանրի սկիզբը դրվել էր դեռևս կատարյալ պետություն ստեղծելուն նվիրված անտիկ փիլիսոփաների աշխատություններով: Դրանցից ամենանշանավորը Պլատոնի «Պետություն»-ն է, որում նա նկարագրում է կատարյալ պետություն (ստրկատերերի տեսանկյունից), որը նման էր Սպարտային, սակայն բացակայում էին Սպարտային բնորոշ այնպիսի թերություններ, ինչպիսիք էին կոռուպցիան (իսկ կաշառք Սպարտայում վերցնում էին նույնիսկ թագավորները և էֆորները), ստրուկների ապստամբության մշտական վտանգը և այլն:

Ժանրը կրկին ի հայտ է գալիս Վերածննդի դարաշրջանում, ինչը պայմանավորված է «Ուտոպիա»-ի հեղինակ Թոմաս Մորի անվան հետ, ինչից հետո սկսվեց ժանրի զարգացումը սոցիալ-ուտոպիստների ակտիվ մասնակցությամբ: Ավելի ուշ` պայմանավորված արդյունաբերական հեղափոխություններով, սկսեցին ի հայտ գալ առանձին ստեղծագործություններ հակաուտոպիա ժանրում, որոնք ի սկզբանե նվիրված էին գործող համակարգի քննադատությանը: Ավելի ուշ ի հայտ եկան հակաուտոպիա ժանրի ստեղծագործություններ, որոնք նվիրված էին ուտոպիաների քննադատությանը:

Շատ գրականագետներ և փիլիսոփաներ առանձնացնում են հետևյալ ուտոպիաները`

  • տեխնոկրատական, երբ սոցիալական խնդիրները լուծվում են գիտա-տեխնիկական առաջընթացի արագացման ճանապահով,
  • սոցիալական, որը ենթադրում է մարդկանց կողմից սեփական հասարակության փոփոխության հնարավորությունը:

Վերջին ուտոպիաների շարքում առանձնացնում են էգալիտար ուտոպիաներ, որտեղ իդեալականացվում և ամբողջականացվում են համընդհանուր հավասարության և անհատների ներդաշնակ զարգացման սկզբունքերը (Ի. Ա. Եֆրեմով, «Անդրոմեդայի միգամածություն») և էլիտար ուտոպիաներ, որոնք պաշտպանում են արդարության և հավասարության սկզբունքի վրա կառուցված հասարակության ստեղծումը (Ա. Լուկյանով, «Սև խաղազինվոր»):

Читать далее

Categories: Տերմինաբանություն, Փիլիսոփայություն, Քաղաքականություն, Գրականություն | Метки: , , , , , | Оставьте комментарий

Блог на WordPress.com.