Մարտին Լյութեր Քինգ. Ես երազանք ունեմ

Մարտին Լյութեր Քինգի ելույթը 1963 թ.-ի օգոստոսի 28-ին:
Մարտին Լյութեր Քինգի այս ճառը արտաբերվել է 1963 թ.-ի օգոստոսի 28-ին Լինքոլնի հուշակոթողի աստիճաններից:

Հինգ տասնամյակ առաջ մեծ ամերիկացին, որի խորհրդանշական ստվերի տակ մենք այսօր հավաքվել ենք, ստորագրեց նեգրերի ազատագրման Հայտարարությունը: Այդ կարևոր հրամանը դարձավ հույսի լույսի հզորագույն փարոս միլիոնավոր սև ստրուկների համար` այրված անարդարության մոխրացնող կրակով: Այն դարձավ գերեվարման երկարատև գիշերը ավարտող ուրախալի առավոտ:
Բայց հարյուր տարվա ընթացքում մենք ստիպված ենք ընդունել այն ողբերգական փաստը, որ նեգրը դեռ ազատ չէ: Հարյուր տարի անց նեգրի կյանքը, ցավոք սրտի, նախկինի պես խեղվում է խտրարարության շղթաներով և խտրականության կապանքներով: Հարյուր տարի անց նեգրը ապրում է աղքատության անապատային կղզում նյութական բարգավաճման հսկայական օվկիանոսի մեջ: Հարյուր տարի անց նեգրը նախկինի պես տառապում է ամերիկյան հասարակության խուլ տեղերում և աքսորի մեջ է հայտնվում իր սեփական երկրում: Ահա և այսօր մենք եկանք այստեղ, որպեսզի ընդգծենք արտասաբեր իրադրության դրամատիզմը:
Ինչ-որ իմաստով մենք ժամանել ենք մեր երկրի մայրաքաղաք, որպեսզի կանխիկ ստանանք չեքի դիմաց: Երբ մեր հանրապետության ճարտարապետները գրում էին Սահմանադրության և Անկախության հռչակագրի հիանալի բառերը, նրանք դրանով իսկ ստորագրում էին մուրհակ, որը պետք է ժառանգեր յուրաքանչյուր ամերիկացի: Համաձայն այդ մուրհակի բոլոր մարդկանց երաշխավորվում էին կյանքի, ազատություն և երջանկության ձգտման անբեկանելի իրավունքներ:
Այսօր պարզ է դարձել, որ Ամերիկան ի վիճակի չէ վճարել այդ մուրհակի դիմաց այն, ինչը սահմանված է նրա գունավոր քաղաքացիների համար: Այդ սրբազան պարտքը վճարելու փոխարեն Ամերիկան նեգրական բնակչությանը կեղծ չեք տվեց, որը վերադարձավ «միջոցների անբավարարություն» նշումով: Բայց մենք հրաժարվում ենք հավատալ, որ արդարության բանկը սնանկացել է: Մենք հրաժարվում ենք հավատալ, որ մեր պետության հնարավորությունների հսկայական պահոցներում միջոցներ չկան: Եվ մենք եկել ենք, որ այդ չեքի դիմաց ստանանք` չեք, որի համար մեզ կտրվեն ազատության գանձեր և արդարության երաշխիքներ: Մենք եկել ենք այստեղ` այս սուրբ տեղը, նաև այն բանի համար, որպեսզի հիշեցնենք Ամերիկային այսօրվա թախանձագին պահանջի մասին: Այժմ ժամանակը չէ բավարարվել խաղաղեցնող միջոցներով կամ ընդունել հերթագայող որոշումների հանգստացնող դեղամիջոց: Եկել է ժամանակը դուրս գալ խտրարարության մութ հովտից և մուտք գործել արևով բոցավառված ռասսայական արդարության ճանապարհ: Եկել է ժամանակը բացել հնարավորությունների դռները Աստծո բոլոր զավակների համար: Եկել է ժամանակը դուրս բերել մեր ազգը ռասսայական անարդարության սորուն ավազներից դեպի եղբայրության ամուր ժայռը:
Մեր պետության համար մահացու վտանգավոր կլիներ անտեսել այս պահի հատուկ կարևորությունը և թերագնահատել նեգրերի վճռականությունը: Նեգրերի օրինական դժգոհության տոթակեզ ամառը չի ավարտվի մինչև չգա ազատության և հավասարության կայտառացնող աշունը: 1963 թվականը ավարտը չէ, այլ սկիզբ: Նրանք, ովքեր հույս ունեին, որ նեգրը կարիք ուներ զայրույթը դուրս հորդելու և հիմա նա կհանգստանա, խիստ զարմանք է սպասվում, եթե մեր ազգը վերադառնա սովորական առօրյային: Մինչ այն պահը, երբ նեգրին չեն տրվի իր քաղաքացիական իրավունքները, Ամերիկան չի տեսնի ո’չ անխռովություն, ո’չ հանգիստ: Հեղափոխական փոթորիկները կշարունակեն սասանել մեր պետության հիմքերը մինչ այն ժամանակ, երբ վրա կհասնի արդարության պայծառ օրը:
Բայց կա ևս մի բան, որ պետք է ասեմ արդարության պալատի մուտքի բարեշնորհ շեմին կանգնած իմ ժողովրդին: Նվաճման ճանապարհին օրենքով մեզ սահմանված տեղում մենք չպետք է հիմքեր տանք անպատշաճ արարքների մեջ մեղադրելու համար: Եկեք չձգտենք հագեցնել ազատության մեր ծարավը` ճաշակելով տխրության և ատելության գավաթից:
Մենք մեր պայքարը միշտ պետք է տանենք արժանապատվության և կարգապահության ազնիվ դիրքերից: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ստեղծագործ բողոքը վերաճի ֆիզիկական բռնության: Մենք պետք է ձգտենք հասնել մեծագույն բարձունքների` ֆիզիկական ուժին պատասխանելով ոգու ուժով: Հիանալի մարտականությունը, որով համակվել է նեգրական հասարակությունը, չպետք է մեզ անվստահության բերի սպիտակ մարդկանց կողմից, քանզի մեր սպիտակ եղբայրներից շատերը գիտակցել են, ինչի մասին վկայում է նրանց ներկայությունը այսօր այստեղ, որ իրենց ճակատագիրը սերտորեն կապված է մեր ճակատագրի հետ և նրանց ազատությունը անխուսափելիորեն կապված է մեր ազատության հետ: Մենք չենք կարող գնալ միայնության մեջ:
Եվ սկսելով շարժումը` մենք պետք է երդվենք, որ գնալու ենք առաջ: Մենք չենք կարող ետ թեքվել: Կան այնպիսիք, որոնք հարցնում են նրանց, ովքեր նվիրված են քաղաքացիական իրավունքների պաշտպանության գործին. «Ե՞րբ եք դուք հանգստանալու»: Մենք երբեք չենք հանգստանա մինչև երկարատև ճանապարհորդությունից առաջացած հոգնածությունից ծանրացած մեր մարմինները չեն կարողանա գիշերատեղի գտնել ճանապարհամերձ մոթելներում և քաղաքային հյուրանոցներում: Մենք չենք հանգստանա, քանի դեռ նեգրի տեղաշարժման հիմնական տեսակը մնում է փոխադրումը փոքր գետտոյից դեպի մեծ գետտո: Մենք չենք հանգստանա, քանի դեռ Միսսիսիպիում նեգրը չի կարողանա քվեարկել, իսկ Նյու-Յորքում նեգրը կկարծի, որ ինքը չգիտի ինչի համար քվեարկել: Չկա’, մեզ համար չկա հանգստանալու պատճառ և մենք երբեք չենք հանգստանա, քանի դեռ արդարությունը չի սկսի ջրերի նման տարածվել, իսկ առաքինությունը չի նմանվի հսկայական ալիքի:
Ես չեմ մոռանում, որ ձեզանից շատերը այստեղ են ժամանել` անցնելով մեծ փորձությունների և տառապանքների միջով: Ձեզանից ոմանք ուղիղ այստեղ են եկել նեղ բանտային խցերից: Ձեզանից ոմանք այստեղ են ժամանել այնպիսի շրջաններից, որտեղ ձեր ազատության ձգտման համար ձեզ վրա է տարածվել հետապնդումների հողմեր և ոստիկանանական դաժանության փոթորիկներ: Դուք դարձել եք ստեղծագործ տառապանքի վետերաններ: Շարունակեք աշխատել` հավատալով այն բանին, որ անարժան տառապանքը կփոխհատուցվի:
Վերադարձե’ք Միսսիսիպի, վերադարձե’ք Ալաբամա, վերադարձե’ք Լուիզիանա, վերադարձե’ք մեր հյուսիսային քաղաքների ետնախորշերը և գետտոները` իմանալով, որ այսպես թե այնպես այս իրավիճակը կարող է փոխվել և կփոխվի: Եկեք չտառապենք հուսահատության հովիտում:
Ես այսօր ձեզ ասում եմ, իմ ընկերներ, որ չնայած դժվարություններին և հիասթափություններին, ես երազանք ունեմ: Այդ երազանքը խորը արմատավորվել է ամերիկյան երազանքում: Ես երազանք ունեմ, որ կգա օրը, որ մեր ազգը ոտքի կկանգնի և կապրի մինչև իր նշանաբանի իրական իմաստը. «Մեզ համար ակնհայտ է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար»:
Ես երազանք ունեմ, որ Ջորջիայի կարմիր բլուրների վրա կգա մի օր, երբ նախկին ստրուկների որդիները և նախկին ստրկատերերի որդիները կկարողանան միասին նստել եղբայրության սեղանի շուրջը:
Ես երազանք ունեմ, որ կգա օրը, որ նույնիսկ Միսսիսիպի նահանգը` անապատային նահանգը, ուժասպառ եղած անարդարության և կեղեքման շիկացումից, կվերածվի արդարության և ազատության օազիսի:
Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ իմ չորս երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանց մասին կդատեն ոչ թե ըստ նրանց մաշկի գույնի, այլ ըստ նրա, թե ինչ են իրենք իրենցից ներկայացնում:
Ես երազանք ունեմ այսօր:
Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ Ալաբամա նահանգում, որի նահանգապետը այժմ հայտարարում է նահանգի ներքին գործերին միջամտելու և Կոնգրեսի ընդունած օրենքների գործողությունների չճանաչման մասին, կստեղծվի իրավիճակ, որտեղ փոքր սև տղաները և աղջիկները կկարողանան ձեռք ձեռքի բռնել փոքր սպիտակ աղջիների և տղաների հետ և միասին գնալ` նման քույրերի և եղբայրների:
Ես երաազանք ունեմ այսօր:
Ես երազանք ունեմ, որ կգա օրը, երբ բոլոր ցածրադաշտերը կբարձրանան, բոլոր բլուրները և լեռները կիջնեն, անհավասար տեղանքները կվերածվեն հարթավայրերի, կորացած տեղանքները կդռանան ուղիղ, Աստծո մեծությունը մեր առջև կկանգնի և բոլոր մահկանացուները միասին դրանում կհամոզվեն:
Այդպիսին է մեր հույսը: Դա հավատ է, որով ես վերադառնում եմ Հարավ: Այդ հավատով մենք կկարողանանք հուսահատության լեռից հատել հույսի քարը: Այդ հավատով մենք կարող ենք մեր ժողովրդի աններդաշնակ ձայները վերածել եղբայրության հիանալի սիմֆոնիայի: Այդ հավատով մենք կարող ենք միասին աշխատել, միասին աղոթել, միասին պայքարել, միասին գնալ բանտեր, միասին պաշտպանել ազատությունը` իմանալով, որ մի օր մենք ազատ կլինենք:
Դա կլինի մի օր, եր Աստծո բոլոր զավակները կկարողանան երգել` այդ բառերի մեջ դնելով նոր իմաստ. «Երկիր իմ, դա Ես եմ քեզ, ազատության քաղցր երկիր, դա ես եմ քեզ գովերգում: Երկիր, որտեղ մահացել են իմ հայրերը, ուխտավորների հպարտության երկիր, թող ազատությունը զրնգա բոլոր լեռնային լանջերից»:
Եվ եթե Ամերիկային նախանշված է մեծ երկիր դառնալ, ապա դա պետք է տեղի ունենա:
Թող ազատությունը զրնգա Նյու-Հեմփշիրի զմայլիչ բլուրների բարձունքներից:
Թող ազատությունը զրնգա Նյու-Յորքի զորավոր լեռներից:
Թող ազատությունը զրնգա Փենսիլվանիայի Ալլեգենյան բարձր լեռներից:
Թող ազատություն զրնգա Կոլորադոյի ձյունապատ Քարե լեռներից:
Թող ազատությունը զրնգա Կալիֆոռնիայի կորացած լեռնային բարձունքներից:
Թող ազատությունը զրնգա Թեննեսիի Լուկաուտ լեռից:
Թող ազատությունը զրնգա Միսսիսիպիի յուրաքանչյուր բլուրից և յուրաքանչյուր թմբիկից:
Յուրաքանչյուր լեռնային լանջից թող զրնգա ազատությունը:
Երբ մենք թույլ տանք ազատությանը զրնգալ, երբ մենք նրան թույլ տանք զրնգալ յուրաքանչյուր գյուղից և յուրաքանչյուր գյուղակից, յուրաքանչյուր նահանգից և յուրաքանչյուր քաղաքից, մենք կկարողանաք արագացնել այն ժամի մոտենալը, երբ Աստծո բոլոր զավակները` սևեր և սպիտակներ, հրեաներ և հեթանոսներ, բողոքականներ և կաթոլիկներ, կկարողանան իրար ձեռք բռնել և երգել հին նեգրական հոգևոր օրհներգի բառերը. «Ազատ ենք վերջապես: Ազատ ենք վերջապես: Շնորհակալություն ամենակարող Աստծոն, մենք ազատ ենք վերջապես»:

Դիտել Մարտին Լյութեր Քինգի ճառը. (տեսանյութ անգլերեն լեզվով)

            

Categories: Պատմություն, Քաղաքականություն, Ազգագրություն | Метки: , , , , , , | Оставьте комментарий

Навигация по записям

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.